Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 87
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
20/11/2014
Կապանն ինձ համար ամեն ինչ է. Աշոտ Հայրապետյան

Ներկայացնում ենք «Դե ֆակտո»ամսագրի հարցազրույցը Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի հետ:

Աշոտ Հայրապետյանը Կապանի քաղաքապետ է արդեն երկու տարի: Թե ինչ աշխատանքներ են իրականացվել Կապանում վերջին երկու տարիներին, ինչ խնդիրներ կան քաղաքում և առաջիկայում քաղաքն ինչ հեռանկարներ ունի, փորձեցինք պարզել Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանից:

-Պարո՛ն Հայրապետյան, արդեն երկու տարի է զբաղեցնում եք Կապանի քաղաքապետի պաշտոնը: Ի՞նչ խնդիրներ ուներ քաղաքը երկու տարի առաջ և դրանցից որո՞նք են Ձեզ հաջողվել լուծել:
-Իմ պաշտոնավարման ընթացքում բավականին աշխատանք է կատարվել Կապանում: Քաղաքի ամենամեծ խնդիրներից մեկը եղել է ջրամատակարարման ներքին ցանցի նորացումը, որի աշխատանքներն արդեն ընթանում են: Իրականացրել ենք ծրագրեր, թե՛ պետական ու տեղական բյուջեների ֆինանսավորմամբ, թե՛ դոնոր կազմակերպությունների աջակցությամբ: Մասնավորապես, նորոգվել են բազմաբնակարան շենքերի տանիքներ, վերելակներ, բարեկարգվել կենտրոնական փողոցների որոշ մայթեր, բակեր, զբոսայգիներ, ասֆալտապատվել փողոցներ, մասնակի նորոգվել և գույքով ապահովվել են մանկապարտեզները, մարզադպրոցներն ու երաժշտական դպրոցները և այլն: Սակայն, դրանով այդ խնդիրները վերջնականորեն չեն լուծվել և, ընդհանրապես, երկու տարին կարճ ժամանակ է, որպեսզի հնարավոր լինի լուծել քաղաքի խնդիրները: Դրանք կան, կլինեն ու միշտ էլ լուծման կարիք կունենան: Իսկ ինչ վերաբերում է իմ նախընտրական ծրագրերին, դրանց զգալի մասն իրականացվել է, մյուսներն էլ ընթացքի մեջ են: Առայժմ քաղաքի լուրջ խնդիրը շարունակում է մնալ քաղաքացիների համախմբվածությունը, համայնքը դեռևս համայնք չի զգում իրեն: Իհարկե, դա միայն իմ լուծելու խնդիրը չէ: 
-Լինելով կապանցի` Դուք լավատեղյակ եք կապանցու խնդիրներին, որո՞նք են այսօրվա առաջնահերթությունները:
-Կապանցու համար առաջնահերթ խնդիրը աշխատանք ունենալն է: Քաղաքում գործազրկության մակարդակը մտահոգիչ է, այն մոտ 2 անգամ գերազանցում է հանրապետական միջին ցուցանիշին: 
-Ո՞րն է կապանցու հիմնական զբաղմունքը, հարցս հատկապես երիտասարդ սերնդին է վերաբերում:
-Կապանցու հիմնական զբաղմունքը եղելև մնում է հանքագործությունը: Այսօր քաղաքում աշխատանք ունեցող բնակիչների մի ստվար մասը ներգրավված է Կապանում և Քաջարանում գործող հանքարդյունաբերական երկու ձեռնարկությունների՝ «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ների աշխատանքներում: Ի դեպ, նրանց թվում քիչ չեն երիտասարդները: 
-Արդյո՞ք քաղաքն ապրում է մշակութային, սպորտային ակտիվ կյանքով:
-Այդ հարցը մեզ համար շատ կարևոր է: Քաղաքապետարանը ցանկացած առիթ օգտագործում է մարզամշակութային միջոցառումներ անցկացնելու համար: Բացի հանրապետական մարզական, մշակութային միջոցառումների համայնքային փուլերի անցկացումից, կազմակերպում ենք ֆուտբոլի մրցումներ թաղամասերի միջև, տոնական միջոցառումների ժամանակ անցկացնում կրոսսավազք, հեծանվավազք և այլն: Պարբերաբար Կապան ենք հրավիրում հանրապետությունում ճանաչված պարային համույթների, երգիչների: Մեր տեղական երաժիշտ կատարողները հաճախ են ելույթ ունենում քաղաքային միջոցառումների ժամանակ: Հյուրախաղերով Կապանում հանդես են գալիս մայրաքաղաքի թատրոնների կոլեկտիվները, որոնք համագործակցում են Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի հետ: Իմ պաշտոնավարման ընթացքում ստեղծվել և գործում են ժողգործիքների համույթ և փողային նվագախումբ: 
-Կրթամշակութային ի՞նչ օջախներ են գործում համայնքում և ի՞նչ պայմաններ են այնտեղ առկա:
-Կապանում գործում են 9 արտադպրոցական դաստիարակության հաստատություններ, ունենք մշակույթի կենտրոն, պետական դրամատիկական թատրոն, 15 ակումբ-գրադարաններ, մարզային գրադարան, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն, 3 երաժշտական, 3 սպորտի, արվեստի, գեղարվեստի, դպրոցներ: Քաղաքում գործում է 13 հանրակրթական դպրոց, 3 քոլեջ և 4 բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնաճյուղեր: Նշված կրթամշակութային օջախներում պայմանները բարվոք են աշխատանքային գործընթացը նորմալ կազմակերպելու համար, սակայն դրանցից յուրաքանչյուրն ունի մասնակի նորոգման, նոր ու ժամանակակից գույքի խնդիր: 
-Արդյո՞ք համայնքում ներդրումային ծրագրեր իրականացվում են:
-Համայնքային բյուջեն ոչ միայն սուղ է, այլև դրա 85 տոկոսը ծախսվում է աշխատավարձերի վճարման համար: Ըստ այդմ, տեղական բյուջեով խնդիրներ լուծել համայնքում շատ քիչ է հաջողվում և գրեթե բոլոր ծրագրերն իրականացնում ենք պետբյուջեի, միջազգային և տեղական ներդրողների աջակցությամբ: Մասնավորապես, վերջին երկու տարում համայնքի համար զգալի ներդրումներ են կատարել տարածաշրջանում գործող հանքարդյունաբերական երկու ձեռնարկությունները, միջազգային դոնոր կազմակերպություններից հատկանշական են «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպությունը, «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը, Եվրամիությունը, «Կամրջակ», «Վորլդ Վիժն» բարեգործական կազմակերպությունները և այլն: 
-Բնապահպանները պարբերաբար ահազանգում են հանքարդյունաբերության առաջացրած բնապահպանական խնդիրների մասին: Դուք կիսու՞մ եք այդ տեսակետները:
-Միանշանակ ընդունում եմ, որ քաղաքում բնապահպանական խնդիրներ կան: Հնարավոր չէ նման խոշոր հանքարդյունաբերական ձեռնարկությունների գործունեության պայմաններում խուսափել դրանցից: Կիսում եմ այդ մտահոգությունը, սակայն տարբեր կազմակերպությունների կողմից պարբերաբար հնչող ահազանգերն ու նրանց տեսակետները կիսել չեմ կարող, դա մասնագետների գործն է: Մենք փորձում ենք մեր հնարավորության սահմաններում ձեռնարկել միջոցներ և մեղմացնել բնապահպանական խնդիրները. քաղաքում պարբերաբար կազմակերպում ենք ծառատունկ, ավելացնում կանաչապատ տարածքները, մաքրում քաղաքի միջով հոսող գետերի հուները: Կապանցի երիտասարդներն ու աշակերտները հաճախ են կազմակերպում բնապահպանական ակցիաներ քաղաքի տարբեր թաղամասերում, Վահանավանքում, Հալիձորում: 
-Քաղաքի հետ կապված ի՞նչ ծրագրեր ունեք ապագայում: 
-Առաջիկա ծրագրերը շատ են, սակայն դրանք ֆինանսավորման լուրջ խնդիր ունեն: Ընթացքի մեջ են տարածաշրջանում առաջին էլեկտորնային գրադարանի հիմնման աշխատանքները, քաղաքի կենտրոնում երգող շատրվանների կառուցումը, քաղաքի մշակույթի կենտրոնի արտաքին տեսքի նորացումը: Առաջիկա ծրագրերից հատկանշական է նաև Կապանի թիվ 1 հիմնական դպրոցի մասնաշենքերից մեկի վերակառուցումը նախակրթարանի, որի արդյունքում քաղաքի կենտրոնում կունենանք նոր մանկապարտեզ, ինչի կարիքը խիստ զգացվում է: Այստեղ հնարավորություն կունենան հաճախել շուրջ 140 երեխա: Ունենք նաև մայթերի, փողոցների բարեկարգման, բազմաբնակարան շենքերի վերելակների ու տանիքների նորոգման և այլ ծրագրեր: 
-Ինձ համար Կապանը շատ խորհրդավոր ու գեղեցիկ քաղաք է, Ձեզ համար այն ինչպիսի՞ն է, կա՞ն վայրեր, որոնք հատուկ նշանակություն ունեն Ձեզ համար:
-Կապանն ինձ համար ամեն ինչ է. այն իմ ծննդավայրն է, բնօրրանը, իմ երազանքների ու իղձերի քաղաքը: Կապանի յուրաքանչյուր փողոց, յուրաքանչյուր թաղամաս, բակ, անկյուն ինձ համար հարազատ ու կարևոր է: 
-Ինչպիսի՞ն են Ձեր և կապանցիների միջև փոխհարաբերությունները և ո՞ր արժեքների առկայությունն եք գնահատում մարդկային փոխհարաբերություններում:
-Իմ կարծիքով, այս հարցը ճիշտ կլիներ ուղղեիք կապանցիներին, սակայն, եթե ինձ եք հարցնում, ես կպատասխանեմ` մեր փոխհարաբերությունները բարիդրացիական են: Ես միշտ հասանելի ու պատրաստակամ եմ նրանց համար: Չկա մի քաղաքացի, որ ընդունելության համար ոչ նախատեսված օրերի գա ու ես չընդունեմ նրան, հնարավորության սահմաններում` չօգնեմ: Մարդկային փոխհարաբերություններում էլ առաջին հերթին գնահատում եմ անկեղծությունը, վստահությունն ու պատրաստակամությունը: Կարծում եմ, մարդկային փոխհարաբերությունների մասին խոսք լինել չի կարող այս արժեքների բացակայության դեպքում: 
-Դուք մասնակցե՞լ եք Արցախի համար մղվող մարտերին, ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ կապված ընթացող գործընթացների վերաբերյալ:
-Ես ղարաբաղյան խնդրի խաղաղ ճանապարհով կարգավորման կողմնակիցն եմ: Այս սկզբունքի կողմնակիցն են նաև մեր պետական այրերը: Ըստ այդմ, խնդրի կարգավորման գործընթացներում մեր երկրի դիրքորոշմանը ես դրականորեն եմ վերաբերում, սակայն, միշտ պատրաստ պետք է լինենք պատերազմի, համախմբված, որպեսզի առաջին իսկ անհրաժեշտության դեպքում նորից սահման գնանք, իսկ դա այդպես է. դրանում մենք համոզվեցինք ընթացիկ տարվա հուլիսին հայտնի դեպքերի հետ կապված, երբ մեր երկրապահների գլխավորությամբ կամավորները մեկնեցին առաջին գիծ՝ սատարելու մեր բանակին:

ԴԵՖԱԿՏՈ
http://www.slaq.am/arm/news/230895/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner